Երրորդ խոշոր ավտովթարը՝ Երևանի քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի կատարած երթևեկության փոփոխություններից հետո
Հասարակություն
21:08 29/06/2025
Հայաստան

Երրորդ խոշոր ավտովթարը՝ Երևանի քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի կատարած երթևեկության փոփոխություններից հետո

Հունիսի 29-ին, երրորդ անգամ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ժամը 19:40-ի սահմաններում նշված հատվածում բախվել են «Nissan Sentra» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել կանաչ գազոնում եղած ծառը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։Այսօր սա երրորդ ճանապարհատրանսպորտային պատահարն է, իսկ բոլոր վթարներում հայտնված վարորդներն ու ուղևորները մեղադրում էին Երևանի քաղաքապետարանին՝ ասելով, որ սխալ գծանշումների պատճառով է վթարը վթարի հետևից լինում ու դա պետք է մտահոգի առաջին հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանիմ, քանի որ վարորդները, դեռևս չիմանալով նոր փոփոխությունների մասին, վթարի են ենթարկվում»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երրորդ խոշոր ավտովթարը՝ Երևանի քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի կատարած երթևեկության փոփոխություններից հետո